Հայկական կայքերի դեմ ադրբեջանական հաքերային խմբերի հարձակումների թիվը վերջին տարվա ընթացքում կտրուկ նվազել է։ Այս մասին սեպտեմբերի 17–ին Ամերիկյան համալսարանում ARMSec կոնֆերանսի ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը` ամփոփելով վերջին մեկ տարում կիբեռանվտանգության հայկական տարածքում տեղի ունեցած զարգացումները։
Ըստ նրա` եթե 2010-2014 թվականներին այդ հարձակումները բավականին լուրջ եւ ակտիվ բնույթ էին կրում եւ ամեն տարի deface էր արվում մի քանի հարյուր հայկական կայք, ապա այժմ դրանց թիվը կտրուկ նվազել է՝ ընդհուպ մի քանի տասնյակի: «Թե ինչով է պայմանավորված նման վիճակագրությունը, դժվար է ասել, առավել եւս կանխատեսել դրանց հետագա զարգացումները Հայաստանի համար», – նշեց փորձագետը։
Սամվել Մարտիրոսյանի խոսքով, դա կարող է պայմանավորված լինել երկու գործոնով. հարձակումները կոորդինացնելու եւ ներքին վերակազմավորումների խնդիր, որին, ըստ երեւույթին, հանգեցրել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարի ձերբակալությունը եւ կադրային ջարդը, կամ շատ ավելի լուրջ հարձակումների նախապատրաստություն: Սակայն այս վարկածի դեմ է այն փաստը, որ ապրիլյան պատերազմի ընթացքում, չհաշված մի քանի DDos հարձակումների, այլ լուրջ դեպքեր չգրանցվեցին:
Փորձագետը նշեց, որ որոշակի տեղաշարժեր կան Հայաստանում. նկատվում է տեղեկատվական անվտանգության ոլորտը կարգավորող մարմինների ձեւավորման միտում՝ Ընդհանուր անվտանգության կենտրոնը եւ Տվյալների պաշտպանության գործակալություններն արդեն ձեւավորման փուլում են:
Մյուս փոփոխությունը, ինչպես նշեց փորձագետը, պայմանավորված է ներքին հաքերային համայնքում ընթացող շարժերով. Ի հայտ են գալիս հեքթիվիզմի դեպքեր, որոնց առաջին օրինակը, ըստ Սամվել Մարտիրոսյանի, Էլեկտրիկ Երեւան քաղաքացիական շարժման ընթացքում DDos հարձակումն էր police.am կայքի դեմ:
«Առաջիկայում ոլորտում սպասվում են զգալի փոփոխություններ. նախ՝ պայմանավորված սերնդափոխությամբ. կազմավորվելու են նոր խմբեր եւ ներքին շուկայում գրանցվելու է կիբեռհանցագործությունների թվի աճ: Եթե մինչ այժմ ոլորտում եղած խմբերը գործում էին միայն ռազմահայրենասիրական նկրտումներով, այժմ կստեղծվեն այսպես կոչված ձախ հաքերային խմբեր»,- հավելեց Սամվել Մարտիրոսյանը:
Նշենք, որ այսօր` սեպտեմբերի 17-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում OWASP նախաձեռնության հայաստանյան մասնաճյուղի կողմից անցկացվում է Հայաստանում վեբ-անվտանգության ոլորտի՝ թվով արդեն երրորդ գլխավոր իրադարձությունը՝ ARMSec կոնֆերանսը:
Միջոցառմանը մասնակցում են ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից հրավիրված տեղեկատվական անվտանգության փորձագետներ:




























