Հոկտեմբերի 15-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչներին` դեսպան Սերգեյ Կապինոսի գլխավորությամբ:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման սկզբում պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ երեւանյան  գրասենյակին` ՀՀ պաշտպանության նախարարությանը ցուցաբերվող պարբերական մեթոդական օժանդակության համար: Իր հերթին դեսպան Կապինոսը պաշտպանության նախարարին ներկայացրել է մի շարք կառուցողական առաջարկություններ` ՀՀ ԶՈՒ բարեփոխումների, ռազմաքաղաքական, զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության եւ ռազմակրթական ոլորտի բարեփոխման ոլորտներում ԵԱՀԿ օժանդակության ծավալների ընդլայնման վերաբերյալ:

Կողմերն իրենց մտահոգություններն են հայտնել վերջին շրջանում սահմանային լարվածության աճի կապակցությամբ: Սեյրան Օհանյանը մասնավորապես նշել է, որ հակառակ դիպուկահար կրակի դադարեցման վերաբերյալ հայկական կողմի առաջարկություններին եւ միջազգային հանրության հորդորներին Ադրբեջանը շարունակում է անտեսել մարդասիրական հանրաճանաչ նորմերը` պարբերաբար նենգ միջոցներով խախտելով հրադադարի ռեժիմը, ուստի ՀՀ պաշտպանության նախարարությունը ստիպված է լինելու զգալիորեն խստացնել ադրբեջանական դիպուկահարների չեզոքացման գործողությունները: Դեսպան Կապինոսը խոստացել է ԵԱՀԿ ղեկավար մարմիններին զեկուցել ստեղծված իրավիճակի մասին:

Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում: Կողմերը պայմանավորվել են քննարկված խնդիրները կյանքի կոչել պաշտպանական բարեփոխումների տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի մշակման միջոցով: