Իրանի էներգետիկայի նախարարության երկօրյա այցը Հայաստան ավարտվել է երեք հուշագրի ստորագրմամբ: Հուշագրերն այսօր` սեպտեմբերի 15-ին ստորագրել են  երկու երկրների էներգետիկայի նախարարներ Արմեն Մովսիսյանն ու Մահջիդ Նեմջունը:

Հուշագրերից երկուսը վերաբերում են երկու երկրների համագործակությանը էներգետիկայի ոլորտում, բնապահպանությանը սահմանամերձ  գոտում, ինչպես նաև սահմանային Արաքս գետի ջրի մաքրությանը:  Երրորդ հուշագիրը վերաբերում է Մեղրիի  հիդրոէլեկտրակայանին:

Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, հիդրոէլեկտրակայանի կառուցումը կարող է մեկնարկել արդեն 2012 թվականին: Շինարարության համար պահանջվող 323 մլն. դոլարն ամբողջությամբ կտրամադրի ներդրող երկիրը, այսինքն` իրանական ներդրող կազմակերպությունը: Հուշագրի համաձայն, Մեղրիի հիդրոէլեկտրակայանի շինարարությունը պետք է ավարտվի 5 տարվա ընթացքում, որից հետո դրա արտադրած էլեկտրաէներգիան կտեղափոխվի Իրան 230 կՎտ հզորությամբ էլեկտրահաղորդման գծով, որը նույնպես կկառուցվի ներդրող երկրի միջոցներով:

Այդ մոտեցումը կգործի ՀԷԿ-ի կառուցումից հետո 15 տարվա ընթացքում: Այնուհետեւ, Մեղրիի ՀԷԿ-ն անհատույց կտրվի Հայաստանին: Ընդ որում` ՀԷԿ-ի հանձնման պահին, փորձագիտական եզրակացությունը պետք է փաստի, որ կայանի սարքավորումները կարող են ծառայել եւս 10 տարի, իսկ թունելն ու ինժեներական այլ կառույցները` 30 տարի: Նախատեսվում է, որ Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությանը կներգրավվեն գրեթե 2 հազար բանվորներ` հիմնականում մոտակա բնակավայրերից:

Իրանի էներգետիկայի նախարար Մահջիդ Նեմջունը նշել է, որ Մեղրիի ՀԷԿ-ը հայ-իրանական առաջին ու վերջին նախագիծը չէ: Նրա խոսքով, այցի ընթացքում քննարկվել են համատեղ էներգետիկ ծրագրերի հեռանկարները, որոնց մասին, սակայն, նախարարը մանրամասներ չհայտնեց:

Նշենք, որ ներկայումս Հայաստանի եւ Իրանի էներգափոխանակությունը կատարվում է երկու էլեկտրատար գծերով, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 350մՎտ: