Հոկտեմբերի 8-9-ը նկարիչների Միության ցուցասրահում կգործի Arloopa ընկերության կազմակերպած AR/VR Showcase ցուցահանդեսը, ուր կներկայացվեն վիրտուալ եւ լրացված իրականության տեխնոլոգիական նմուշներ:
Լրացված եւ վիրտուալ իրականության տեխնոլոգիաները փոթորկի արագությամբ նվաճում են համաշխարհային շուկան, ինչը նշանակում է, որ այժմ իսկապես ժամանակն է ավելի լրջորեն վերաբերվելու այդ տեխնոլոգիաների կիրառությանը:
Այսօր լրացված եւ վիրտուալ իրականության տեխնոլոգիաների կիրառման օրինակներ մենք տեսնում ենք բիզնեսում, գիտության եւ բժշկության, կրթության եւ արվեստի ոլորտներում, ինչպես նաեւ` զվարճանքի եւ խաղերի մեջ: Փորձագետները համոզված են, որ 10 տարի անց լրացված եւ վիրտուալ իրականության տեխնոլոգիաների շուկայի ծավալը կհասնի 200 միլիարդ ԱՄՆ դոլարի: Հենց սա նկատի առնելով` վերլուծաբանները դրանք անվանում են «ապագայի» տեխնոլոգիաներ:
Ցուցահանդեսի այցելուներին սպասվում են գործարար լուծումների, զանազան ոլորտների կիրառական եւ ժամանցային բովանդակալից ցուցադրություններ: Շոու-ցուցասրահը բաժանված կլինի մի քանի թեմատիկ գոտիների, որտեղ մասնագետները տարբերակված կներկայացնեն ընկերության մշակած նորարարական լուծումները: Ինտերակտիվ գոտիներում կտրամադրվեն լրացված եւ վիրտուալ իրականության լուծումների դիտման` աշխարհի առաջատար ընկերությունների նորագույն սարքավորումները, սաղավարտները, տեսողական ու խաղային բազմապիսի սարքեր, այդ թվում՝ Samsung GearVR, Oculus Rift DK3, HTC Vive ողջ լրակազմը, Merge, IdeaLens, Baofeng Mojing, Arloopa Cardboard, Kinect V2: Ընկերության լրացված եւ վիրտուալ իրականության ինստալիացիաները թույլ կտան ընկղմվել անիրական աշխարհների եւ գրավիչ միջավայրերի մթնոլորտում:
Բիզնես վարողներին կներկայացվեն, թե լրացված եւ վիրտուալ իրականության լուծումների շնորհիվ ինչպես կարելի է ընդլայնել վաճառքի ծավալը, եւ հրապուրել գնորդին, ինչպես ծավալել գովազդային արշավը նոր տեխնալագիական գործիքակազմով եւ բարելավել արդյունավետությունը, ինչպես նաեւ` բիզնեսի զարգացման համար գտնել նոր գաղափարներ ու ուղղություններ:
Նորարարական լուծումների շարքում կներկայացվեն այն նոր հնարավորությունները, որոնք ընձեռում է տարբեր առարկաների, դասագրքերի, նկարների, գրաֆիկների եւ նյութերի ուսուցման և գիտելիքի ամրապնդման նպատակով լրացված իրականության հավելվածի կիրառությունը:




























