ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է նույն օրը Արցախ ժամանած Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի հետ փոխգործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես, Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքն ու հեռանկարները:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ համահայկական այդ կազմակերպությունները

ակտիվ դերակատարություն ունեն հայոց անկախ պետականության ամրապնդման, արտերկրում բնակվող հայության ազգային ինքնության պահպանման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում:

 Բակո Սահակյանը նշել է, որ Արցախը շահագրգռված է էլ ավելի ընդլայնել ու խորացնել համագործակցությունը Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի հետ:

Հանդիպմանը մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը:

Նույն օրը Արցախի Հանրապետությանն ու ժողովրդին մատուցած ծառայությունների համար եւ հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը եւ կազմակերպության մի խումբ անդամներ պարգեւատրվել են ԼՂՀ պետական պարգեւներով:

Պարգեւատրման արարողությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք: