Հայ ազգային կոնգրեսի հաջորդ հանրահավաքը կկայանա հոկտեմբերի 19-ին: Այս մասին այսօրէ հոկտեմբերի 15-ին ընդդիմության հանրահավաքում հայտարարեց ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Դա պայմանավորված է նրանով, որ այդ օր Երեւանում մեկնարկում է ԵԽ ժողովրդավարության հարցերով խորհրդաժողովը։
ՀԱԿ-ը հոկտեմբերի 19-ին, նախքան հանրահավաքը, ժամը 12:00-ից մինչեւ 18։00-ն, պիկետ է անելու կառավարական հյուրատան դիմաց, որտեղ անցնելու է խորհրդաժողովը: Այդ խորհրդաժողովին մասնակցելու է նաեւ ԵԽ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Պրեսկոտը:
Զուրաբյանի խոսքով, պիկետի ժամանակ խորհրդաժողովի մասնակիցներին հիշեցվելու է մարտի 1-ի զոհերի, քաղբանտարկյալների եւ Հայաստանում առկա մի շարք այլ խնդիրների մասին:
Իսկ արդեն երեկոյան ժամը 18-ին, տեղի կունենա հանրահավաք, որից հետո ցուցարարները երթով կշարժվեն դեպի Ազատության հրապարակ:
Նշենք, որ հյուրատունը գտնվում է Մատենադարանի մատույցներում:




























