Թեհրանում, սեպտեմբերի 18-ին կայացել են Հայաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարությունների միջեւ քաղաքական խորհրդակցություններ:

Հայաստանի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, իրանականը՝ ԻԻՀ արտաքին գործերի նախարարի Ասիայի, Օվկիանիայի եւ ԱՊՀ հարցերով տեղակալ Էբրահիմ Ռահիմփուրը:

Քննարկվեցին հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:

Կողմերն ընդգծեցին տարածաշրջանում անվտանգության եւ կայունության պահպանման անհրաժեշտությունը:

Հատուկ ուշադրություն դարձվեց երկկողմ եւ բազմակողմ տնտեսական ծրագրերի իրականացման խնդիրներին: Քննարկվեցին իրավապայմանագրային, մշակութային եւ հումանիտար ոլորտներում, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հանդիպեց նաեւ Իրանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Մորթեզա Սարմադիի հետ: Հանդիպման ընթացքում ամփոփվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ քննարկումները եւ նախանշվեցին հետագա անելիքները: