Հայաստանը շարունակելու է փոխշահավետ համագործակցությունը իր անմիջական հարեւաններ Իրանի եւ Վրաստանի հետ: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքին:

Անդրադառանալով Իրանի հետ համագործակցությանը՝ Սերժ Սարգսյանը նշել է, թե Իրանի Իսլամական Հանրապետության հետ շահագործման հանձնվեց Իրան-Հայաստան գազատարը, իսկ Թեհրան իր պաշտոնական այցելության ընթացքում փոխըմբռնմանեկան մի շարք նոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման շուրջ: «Ասիական զարգացման բանկի մեր գործընկերների հետ մենք սկսել ենք հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ծրագիրը, որն, անշուշտ, մեծ խթան կհանդիսանա ոչ միայն Հայաստան-Իրան, այլեւ` տարածաշրջանային մի շարք նոր նախաձեռնությունների համար»,- նկատել է նախագահը:

Սերժ Սարգսյանը նաեւ նշել է, որ Վրաստանի հետ եւս շարունակվելու է քաղաքական երկխոսությունը բարձրագույն մակարդակում: «Հենց այս պահին ակտիվ աշխատանքներ են ընթանում Գյումրի — Ախալցխա- Բավրա — Բաթում ավտոճանապարհի վրա, որի ավարտը թույլ կտա շեշտակիորեն հեշտացնել բեռնա եւ ուղեւորափոխադրումը Հայաստանից դեպի Սեւ ծով եւ հակառակը»,- հայտնել է Սարգսյանը: Նա նաեւ նկատել է, որ Հայաստանը պետք է լուրջ ջանքեր գործադրի վիրահայությանը հնարավոր աջակցություն ցույց տալու համար: «Ջավախքի նկատմամբ մեր վարած քաղաքականության տրամաբանությունը, բովանդակային առումով, պետք է բխի „ինտեգրում առանց ձուլման“ սկզբունքից: Ինտեգրումը, այս դեպքում, պետք է ենթադրի վիրահայերի՝ Վրաստանի արժանապատիվ, կարող, հարգված քաղաքացիների համբավի ամրապնդումը: Կարծում եմ, որ հայերենը Վրաստանում մարզային լեզու ճանաչելու, Հայկական առաքելական սուրբ եկեղեցու գրանցումն ապահովելու, Վրաստանի հայկական հուշարձանների պահպանմանն ուղղված քայլերը Վրաստանում միայն նպաստելու են հայ-վրացական բարեկամության ամրապնդմանը, փոխվստահության մթնոլորտի խորացմանը: Այս բոլոր հարցերում մենք պետք է լինենք նրբանկատ, բայց հետեւողական եւ սկզբունքային»,- նշել է նախագահը: