Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտնել է, որ Մոսկվայի քաղաքային Դումայի քննարկմանն է ներկայացնում փոխվարչապետ, Ռուսաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Սոբյանինի թեկնածությունը ՝ նրան Մոսկվայի քաղաքապետի լիազորություններով օժտելու համար:
Նախագահը նշել է, որ քաղաքապետի թեկնածուն «կյանքի բավարար փորձ ունի»: Նա հիշեցրել է, որ Սոբյանինը գլխավորել է իր նախընտրական շտաբը:
Նշենք, որ հոկտեմբերի 15-ի առավոտյան «Ռոսիա-24» հեռուստաալիքը մինչեւ պաշտոնական հաղորդագրությունը հայտնել էր, թե Մեդվեդեւը ներկայացրել է Սոբյանինի թեկնածությունը: Հաղորդագրությունը վայրկյանների ընթացքում գտել եւ հրապարակել էին հարյուրավոր ԶԼՄ-ներ:
Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել էին չորս թեկնածուներ՝ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը, փոխվարչապետ Սերգեյ Սոբյանինը, Նիժեգորոդի մարզի նահանգապետ Վալերի Շանցեւն ու Մոսկվայի կառավարության փոխվարչապետ Լյուդմիլա Շվեցովան:





























