Alphabet  հոլդինգը (նրա մեջ է մտնում Google-ը), ինչպես նաեւ Yahoo! եւ Microsoft ընկերություններն իրենց որոնողական ծառայություններում կարգելափակեն հնդկական այն ծառայությունների գովազդը, որոնք օգնում են մինչեւ ծնունդը որոշել երեխայի սեռը:  Նման միջոցները կապված են տեղական օրենսդրության հետ, որն ուղղված է լուծելու երկրում գենդերային անհավասարության խնդիրները, հայտնում է  Bloomberg-ը:

Ավելի վաղ Հնդկաստանի Գերագույն դատարանը գլոբալ որոնողական համակարգերին մեղադրել էր տեղական օրենքները խախտելու համար: Երկրի իշխանությունները ինտերնետային կորպորացիային զգուշացրել են, որ եթե հրաժարվի աշխատել հնդկական շուկայի կանոններով, ձեռնարկության գործունեությունը կարող է դադարեցվել: 

Դատարանը նաեւ փորձում է հասնել որոնողական համակարգերից այն ամբողջ բովանդակության վերացմանը, որը կապված է սեռը որոշելու հետ: 

Նման ծառայություններն արգելված են  1994 թվականից: Դա կապված է աբորտների բարձր մակարդակի հետ այն դեպքում, եթե երեխան իգական սեռի է:  Հնդկաստանում նաեւ վաղ տարիքում աղջիկների սպանությունների մեծ թիվ է արձանագրվել: 

Ծնողները որդիների են գերադասում, որովհետեւ նրանք ավելի հուսալի կերակրող են համարվում եւ կարելի է ընտանիքը փոխանցել նրանց: