«Սեւ տրանսպլանտոլոգների» գործով այսօր Ուկրաինայում ճաղերի հետեւում է 7 մարդ։ Այս մասին Vesti.Az-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի կիբերհանցագործությունների եւ մարդկանց առեւտրի դեմ պայքարի դեպարտամենտի ղեկավար Յուրի Կուչերը։
Սակայն, նրա խոսքով, նախկինի նման Ադրբեջանի իրավապահ մարմինները չեն արձագանքում իրենց խնդրանքին՝ պայմաններ ստեղծել եւ օգնել մի քրեական գործի հետաքննությանը։
Մասնավորապես, Ուկրաինայի ՆԳ նախարարությանը հետաքրքրում է հետեւյալ հարցը. ո՞վ եւ Բաքվի ո՞ր կլինիկայում է պայմաններ ստեղծել «սեւ տրանսպլանտոլոգների» համար։
«Մենք շարունակում ենք հավատալ, որ Ադրբեջանը կընդունի մեզ եւ կօգնի մեր դժվարին գործում։ Հակառակ դեպքում, ստիպված կլինենք «յոլա գնալ» առանց մեր ադրբեջանցի գործընկերների օգնության»,- հայտարարել է Յուրի Կուչերը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, օգոստոսի սկզբին Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտնել էր 12 հոգուց բաղկացած «սեւ տրանսպլանտոլոգների» խմբի ձերբակալման մասին, որը զբաղվում էր մասնավորապես Իսրայելի եւ Արեւմուտքի երկրների քաղաքացիների համար երիկամների առեւտրով։ Վիրահատությունների մեծ մասն անցկացվել էր Ադրբեջանում։





























