ՄԳԻՄՕ-ի ուսանողի անպատկառ արարքն ավարտվել է նրա ձերբակալությամբ, տուգանքով եւ բուհից հեռացմամբ:
Հոկտեմբերի 11-ին, կեսգիշերին մոտ, ՄԳԻՄՕ-ի ուսանող Սուրխո Թարամովն իր «Ռենջ Ռովեր» մեքենայով, բարձր արագությամբ մտել է Կրեմլի պատի մոտ գտնվող Ալեքսանդրովյան այգու դարպասներից ներս, շրջադարձ կատարել անմար կրակի մոտ եւ անհետացել: Նա արհամարհել է ոստիկանների պահանջը` կանգ առնել եւ փաստաթղթեր ներկայացնել:
Ոստիկանները կարողացել են նրան ձերբակալել կես ժամ անց, քաղաքի պուրակներից մեկում: Մեքենայում են եղել եւս 3 երիտասարդներ. երկու աղջիկ եւ մեկ տղա: «ՄԳԻՄՕ-ի հասարակական կարծիքը զայրացած է նրա արարքով եւ որեւէ բացատրություն չի ընդունում»,- ասված է բուհի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Բուհի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ուսանողը հեռացվել է բուհից` «վատ առաջադիմության» հիմքով:
Սուրխո Թարամովը չեչնիացի գործարարի որդի է եւ սովորում էր վճարովի հիմունքներով: Թարամովին տուգանել են 4,5 հազար ռուբլի գումարով եւ կալանավորել երեք օրով, հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը:




























