«168 ժամ» թերթի տեղեկություններով, ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանը հոկտեմբերի 7-ին միայն մեծ ջանքերի գնով, մի կերպ է ընտրվել ԱԺ փոխնախագահի պաշտոնում:

Թերթը գրում է. «Պաշտոնական տվյալներով` նրա քվեարկությանը մասնակցել է 83 պատգամավոր, որոնցից 6-ը դեմ են քվերակել, իսկ 3 քվեաթերթիկ անվավեր է համարվել: Սակայն այդ օր ԱԺ նիստին մասնակցելու համար գրանցվել էին 91 պատգամավորներ: Հայտնի է, որ գործարար պատգամավորները գրանցվելուց հետո լքում են ԱԺ դահլիճը: Այդ օրը նույնպես այդպես եղավ: Նաև հայտնի է, որ «Ժառանգություն» և «Օրինաց Երկիր» խմբակցություններն ընդհանրապես չեն մասնակցել քվեարկությանը: Այսինքն` այդ 91-ից պետք է հանել այդ երկու խմբակցությունների 15 պատգամավորներին և մոտ 20 գործարար պատգամավորի: Ստացվում է` մասնակցել է ոչ թե 83, այլ 70-ից էլ պակաս պատգամավոր, որոնցից 6-ն էլ դեմ են քվեարկել: Մեր տեղեկություններով` ընտրությունն իրականում մի կերպ` լցոնումով կամ թվանկարչությամբ է անցկացվել: Ս. Բալասանյանին «ընտրելու» խնդիրն ընկել է հիմնականում ՀՀԿ խմբակցության վրա: Իսկ ՀՀԿ-ն լիակատար քվեարկություն չի ապահովել` ԲՀԿ-ին հասկացնելու համար, որ նրանք բոլոր հարցերում էլ իրենցից են կախված»: