Քառօրյա պատերազմից հետո հրետանային զորքերը մի քանի անգամ ավելացրել են հզորությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ՊԲ հրետանային զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Գրիգորի Սահակյանը։
«Բավական լուրջ աշխատանք է կատարվել տեխնիկապես հագեցնելու, կրակային միջոցների ուժն ու հզորությունը բարձրացնելու համար»,- ասաց նա։
Գրիգորի Սահակյանի խոսքով՝ ինչքան էլ որ եղել են թերություններ, հրետանային զորքերը հեռահար կրակոցով կարողացել են հակառակորդի առաջխաղացումը ժամանակին կասեցնել։
«Հակառակորդի եռուն, ամենաշարժուն շրջաններում կրակ ենք բացել, կազմալուծել ենք նրանց շարքերը, չենք թողել, որ իրենք ժամանակին ու հավասարակշռված մոտիկանան մեր առաջնագծին եւ գրոհ իրականացնեն։ Դրանով էլ մեր հաջողությունն ապահովված է եղել»,- ասաց նա։
Գնդապետ Գրիգորի Սահակյանը սեպտեմբերի 20-ին պարգեւատրվեց «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։





























