«Հայկական ժամանակ» թերթի, Արարատի մարզի աղբյուրները փոխանցում են, որ մարզի իրավապահ մարմիններին են ներկայացել հետախուզման մեջ գտնվող Գազի Հովոյի՝ Արարատի մարզի «Հայռուսգազարդի» մասնաճյուղի նախկին տնօրեն Հովհաննես Ղազարյանի եղբայրը, վարորդը եւ նրա մի քանի այլ մերձավորներ։ Այս առնչությամբ թերթը գրում է. «Նրանք հետախուզման մեջ էին գտնվում 2009 թվականից, Գազի Հովոյի եւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ընտանիքների միջեւ ծագած հայտնի սկանդալային միջադեպերից հետո, երբ Հ. Աբրահամյանի եղբորորդին իր ընկերների հետ առեւանգել էր Գազի Հովոյին պատկանող տաքսի ծառայության մեքենաները եւ հրկիզել, Աբրահամյանի եղբայրը ավտոմատով կրակահերթ էր բացել Գազի Հովոյի տան վրա. վերջինս էլ Արարատի դատարանի շենքի մոտ ծեծի էր ենթարկել Աբրահամյանի մերձավորներին, ովքեր պարբերաբար հետապնդում էին Հովհաննես Ղազարյանի մերձավորներին։ Թե այժմ կոնկրետ քանի հոգի են հանձնվել իրավապահ մարմիններին, ոստիկանության լրատվական ծառայությունից երեկ մեզ այդպես էլ չպատասխանեցին։
Մինչ այդ իշխանական շրջանակներում լուրեր են շրջանառվում, թե առաջիկայում վերադառնալու է նաեւ հետախուզման մեջ գտնվող Հովհաննես Ղազարյանը, որը որոշ ժամանակ անց կնշանակվի Արարատի մարզպան։ Բանն այն է, որ Ղազարյանը վայելում է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հովանավորությունը։ Ղազարյանին մարզպետ նշանակելով, Սերժ Սարգսյանը փորձելու է Արարատի մարզում թուլացնել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին։ Հովհաննես Ղազարյանի հարազատները, սակայն, պնդում են, թե նրա՝ մարզպետ դառնալու մասին խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում»:





























