Գորիսի մոտակայքում՝ Ակներ գյուղում կառուցվող սրտաբանական հիվանդանոցի շինարարությունն ավարտվել է։ Տեղադրվել է սարքավորումների մի մասը, բայց հիվանդասենյակները դեռեւս ամբողջովին կահավորված չեն եւ հիվանդներ չեն ընդունի։ Ամենայն հավանականությամբ, հիվանդանոցը կսկսի գործել 2011 թվականի մայիսից։ NEWS.am-ի թղթակիցն այս մասին հայտնում է Գորիսից:
Սա Սյունիքի մարզում կառուցված առաջին սրտաբանական հիվանդանոցն է. այն Սյունիքի մարզի հիվանդներից բացի սպասարկելու է նաեւ Լեռնային Ղարաբաղից բերված հիվանդներին։ Սրտաբանական հիվանդանոցը կառուցվել է «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Ֆինանսավորման ընդհանուր չափը 432 մլն դրամ է (1,2 մլն դոլար)։ Ֆինանսավորում եղել է նաեւ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի կողմից։ «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի խոսքով, սա Լիբանանի վարչապետի առաջին նվիրատվությունը չէ հիմնադրամին. նրա մեկ այլ նվիրատվությամբ հիվանդանոց կառուցվել է նաեւ Նոյեմբերյանում։
Հիվանդանոցի կառուցմանն աջակցել է նաեւ բարերար Գրիգոր Շահինյանը, ում կտակի համաձայն՝ հիվանդանոցի կառուցման նպատակով որոշակի գումար է փոխանցվել։
Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը նաեւ հայտնել է, որ հիվանդանոցը սկզբնական ժամանակահատվածում իրականացնելու է միայն կանխարգելիչ աշխատանքներ եւ դիագնոստիկա, սակայն մի քանի տարի հետո սրտաբանական հիվանդանոցում կիրականացվեն նաեւ վիրահատություններ։ Հայտնի է նաեւ, որ հիվանդանոցում աշխատելու է 30 մարդ։ Բժշկական անձնակազմը պարտադիր կերպով պետք է լինի Գորիսից կամ դրա մերձակայքից, եւ պարբերաբար պետք է վերապատրաստումներ անցնի Երեւանի «Նորք-Մարաշ» սրտաբանական հիվանդանոցում։
Հիվանդանոցի բացմանը ներկա է եղել նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։





























