Հայկական արհեստական շափյուղան կարող է նաեւ ԱՄՆ պաշտպանական շուկայում հայտնվել: Այս մասին NEWS.am-ին ասել է «Բարձրջերմային բյուրեղներ» ընկերության գլխավոր տնօրեն Լեւոն Հովհաննիսյանը, որը Երեւանում մասնակցել է «Արտադրված է Երեւանում» ցուցահանդեսին:
Նա նշել է, որ մի քանի տարի առաջ իրեն է դիմել ամերիկյան Rubicon Technology ընկերությունը, որն զբաղվում է արհեստական բյուրեղների աճեցմամբ: Իրենց պատվիրել են արհեստական շափյուղայից պատրաստված հատուկ նշանակության պատուհաններ: Սակայն իրենք չեն կարողացել ստանալ պահանջվող մակերեսով թերթեր:
«Մենք բյուրեղները հորիզոնական ենք աճեցնում՝ մեր հայրենակից, խորհրդային գիտնական Խաչատուր Բաղդասարյանի մեթոդով, որի աշակերտն եմ: Յուրաքանչյուր մեթոդ իր առավելություններն ունի: Այս մեթոդը թույլ է տալիս ստանալ սկավառակի տեսքով բյուրեղներ, ըստ որում՝ բավական մեծ մակերեսով եւ որակյալ՝ առանց պղպջակների: Ցավոք, այդ ժամանակ ես սեփական ընկերություն չունեի, բայց այժմ ես ցանկանում եմ ամերիկացիներին հիշեցնել համագործակցության հնարավորության մասին»,- ասում է Հովհաննիսյանը:
Նշենք, որ այս տարի ստեղծված այդ ընկերությունը վերջերս թույլտվություն է ստացել աշխատելու Երեւանի «Ալյանս» ազատ տնտեսական գոտում՝ ազատվելով մեծ թվով հարկատեսակներից:
«Ափսոսում եմ, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում արհեստական շափյուղան ու կորունդը մատնվեցին անուշադրության: Կրկնակի եմ ափսոսում, քանի որ ԽՍՀՄ-ում բյուրեղների եւ օտիկայի ոլորտում Հայաստանը գլխավոր կենտրոններից մեկն էր: Մենք այնպիսի ականավոր գիտնականներ ունեինք, ինչպիսին էին Տեր-Միքայելյանը, Հարությունյանը, Բաղդասարովը: Կիրովականի (Վանաձոր) քիմկոմբինատը Միությունում սինթետիկ բյուրեղներ աճեցնող ամենախոշոր արտադրողներից մեկն էր: Նոր Հաճընում գործարան ունեինք, որը մշակում էր այդ բյուրեղները: Շատ եմ ափսոսում, որ 90-ական թվականներին մեր արդյունաբերությունը չզարգացավ, քանի որ այդ տեխնոլոգիաները հետընթաց չեն ունեցել, հակառակը՝ զարգանում են: Համաշխարհային արդյունաբերության մեջ դրանք ավելի շատ են կիրառվում՝ օրինակ բերենք հենց միայն այֆոնների ապակիները: Չինաստանն ընդամենը 10 տարի առաջ է նախաձեռնել բյուրեղների աճեցումը: Իսկ հիմա աշխարհում ամենախոշոր արտադրողն է: Իսկ մենք մեր նախկին տեխնոլոգիաներով…Չինաստանից ինձ ասում են՝ արի մեզ մոտ, միասին գործ հիմնենք, համահիմնադիր կլինես: Բայց ես գիտեմ, թե հետո ինչ կլինի: Մի տարում նա կտիրանա ամբողջ տեխնոլոգիային, իսկ ես ավելորդ կդառնամ: Ավելի լավ է՝ ես ինչ-որ բան իմ երկրում ստեղծեմ»,- ասում է Լեւոն Հովհաննիսյանը:



























