Չինական Շենչժեն քաղաքի օդանավակայանում ծառայության է ընդունվել պարեկ ռոբոտ AnBot-ը, հայտնում է «Ժենմին ժիբաո» թերթը:  

AnBot-ը հանրությանը ներկայացվել է այս տարվա ապրիլի վերջին չինական Չունցինում տեղի ունեցած տեխնոլոգիաների ցուցահանդեսին:  Ռոբոտի բարձրությունը   1,49 մ է կազմում, քաշը` 78 կգ, առավելագույն արագությունը` 18 կմ/ժ: Հաղորդվել է, որ մարտկոցը պետք է հերիքի ութ ժամվա աշխատանքի համար: 

Թերթը գրում է, որ պարեկ ռոբոտն աշխատանքը սկսել է Շենչժենի օդանավակայանի 3-րդ տերմինալի մեկնումների սրահում: Ռոբոտը զինված է բարձր լուծմամբ տեսախցիկներով եւ ի վիճակի է ճանաչել ուղեւորների դեմքերը: Ուղեւորների դեմքերի լուսանկարները հետագայում կարող են փոխանցվել օդանավակայանի անվտանգության ծառայությանը: 

Ռոբոտը կարող է զինվել հատուկ մոդուլներով, օրինակ` շրջակա միջավայրի մոնիտորինգի համար, որոնք ընդլայնում են AnBot-ի գործառնականությունը: Պարեկ ռոբոտը զինված է նաեւ տագնապի կոճակով, որը սեղմելու դեպքում ազդանշանն անմիջապես փոխանցվում է ոստիկաններին: