Քիչ առաջ` ժամը 13:00-ի սահմաններում, Երեւան-Սեւան ավտոմայրուղու 22-րդ կիլոմետրում վթար է տեղի ունեցել: «Մերսեդես» մակնիշի, տրանզիտ համարանիշներով ավտոմեքենայի վարորդը չի կարողացել կառավարել ղեկը, հարվածել է արգելապատնեշներին եւ բառիս բուն իմաստով գլորվել է ձորը:
Արդյունքում մեկ մարդ զոհվել է, մյուսին տեղափոխել են Աբովյանի քաղաքային հիվանդանոց:
Ինչպես NEWS.am-ին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայրում աշխատանքներ են կատարում Կոտայքի մարզի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Դեպքի վայրում է Աբովյանի քննչական բաժնի քննիչը, փորձագետը:
Դեպքի վայր են ժամանել նաեւ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները, ովքեր ձորը գլորված մեքենայի միջից հանել են զոհվածի դիակը եւ տեղափոխել Աբովյանի դիահերձարան: Վթարի ենթարկված մեքենան ձորից հանելուց հետո այն պետք է տեղափոխվի Աբովյանի ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ:
Մահացողի եւ հիվանդանոց տեղափոխվածի տվյալները ճշտվում են:


Լուսանկարները` Գագիկ Շամշյանի





























