Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը եւ նրա կինը՝ Պրիսցիլա Չանը, պարտավորվել են անձնական միջոցներից 3 մլրդ դոլար նվիրաբերել հաջորդ տասնամյակում բժշկական հետազոտությունների հովանավորության համար: Զույգը համոզված է, որ դա կօգնի դարավերջին հաղթահարել բոլոր հայտնի հիվանդությունները, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ամուսիններն անցյալ տարվա դեկտեմբերին, երբ ծնվել էր նրանց դուստր Մաքսը, ստեղծեցին Chan Zuckerberg Initiative բարեգործական հիմնադրամը: Այդ ժամանակ Ցուկերբերգը հայտարարել էր, որ բարեգործության համար կնվիրաբերի ընկերության իրեն պատկանող բաժնետոմսերի 99 տոկոսը:
Նրանց ունեցվածքից մոտ 45 մլրդ դոլարը ժամանակի ընթացքում կտրամադրվի առողջապահության եւ կրթության բարելավմանը եւ անհավասարության դեմ պայքարին:
Նշենք, որ միայն այս շաբաթվա ընթացքում Microsoft-ի ղեկավարությունը հայտարարել է քաղցկեղի դեմ պայքարող արհեստական ինտելեկտ ստեղծելու համար ներդրումներ կատարելու մասին: Google-ն արդեն ստեղծել է DeepMind ստորաբաժանումը, որը ստեղծում է ախտորոման բարձր ճշգրտության ծրագրավորում:





























