Հայկական մամուլը, թողած իր հիմնական գործառույթները, այն է՝ ընթերցողին տրամադրել անաչառ եւ անկողմնակալ տեղեկատվություն, գնալով վերածվում է քաղաքականության մի դետալի, դրա անքակտելի մասի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, հավելելով, սակայն, որ հայկական մամուլը համարում է «մեր անկախության կարեւորագույն ձեռքբերումներից մեկը»:
Նախկին լրագրող Զոհրաբյանը (նա երկար տարիներ աշխատել է «Հայկական ժամանակ» թերթում) նշեց, որ ներկայումս մամուլը բաժանված է 2 մասի կամ 2 տարբեր ճամբարների, որոնցից մեկը սպասարկում է իշխանության, մյուս մասը՝ ընդդիմության շահերը։
«Ես անուններ չեմ տա, սակայն կասեմ, որ այսօր շատ ավելի անկախ եւ անաչառ են աշխատում ինտերնետային լրատվամիջոցները։ Որպես նախկին լրագրող, ի պաշտպանություն մամուլի նշեմ նաեւ, որ եթե լրատվամիջոցներն ունենան տնտեսական բացարձակ անկախություն, ապա անաչառության եւ արդարության հետ կապված խնդիրները պետք է, որ վերանան։ Այսինքն՝ խնդրին պետք է համալիր մոտեցում ցուցաբերել։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի ընթերցողին տալ մաքուր տեղեկատվություն՝ վերլուծություններն ու եզրահանգումները թողնելով ընթերցողին եւ նրա վզին չփաթաթելով քաղաքական պատվիրատուի տեսակետները»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Անդրադառնալով հայաստանյան լրատվամիջոցների պրոֆեսիոնալիզմին, պատգմավորը նկատեց, որ շատ հաճախ «արժեքների հստակ խեղաթյուրում է գնում, շատ դեպքերում խոսքի ազատությունն ընկալվում է որպես խոսքի «բեսպրեդել», խոսքի անպատասխանատվություն»: «Սա եւս մեծ խնդիր է մեր մամուլում, որն իրապես ենթակա է լուրջ քննարկման»,- նկատեց նախկին լրագրողը։
Հարցին, թե եղե՞լ է, արդյոք, մի շրջան, երբ հայաստանյան մամուլը համեմատական կարգով առավելագույնս ազատ եւ անաչառ է եղել, ԲՀԿ պատգամավորը նշեց, որ այդպես եղել է, թերեւս, անկախության առաջին տարիներին։ «Հետագայում, երբ հանրային կարծիքի վրա մամուլի դերն ու ազդեցությունը մեծացան, նույն այդ մամուլը դարձավ քաղաքական գործընթացների անբաժանելի մասը։ Ճիշտ է, մամուլի դերը հասարակական կարծիք ձեւավորելն է, սակայն իրապես անկախ կարծիք կարող է ձեւավորել միայն անկախ մամուլը»,-ամփոփեց Զոհրաբյանը։




























