Վրաստանի դպրոցների 10 տոկոսը մասնավոր է. դրանցում ուսուցումն իրականացվում է անգլերենով, ֆրանսերենով, գերմաներենով, իտալերենով եւ այլ լեզուներով։ Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Դմիտրի Շաշկինը՝ ի պատասխան լրագրողների այն դիտարկմանը, որ Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու նախաձեռնությունը տարաձայնությունների առիթ է տվել։
Դմիտրի Շաշկինն ընդգծեց, որ օտարալեզու դպրոցները Վրաստանի կրթական համակարգի կարեւոր մասն են եւ վրացի աշակերտներին միջազգային ստանդարտներին համապատասխան որակյալ կրթություն ստանալու հնարավորություն են տալիս։
Պատասխանելով իր հայ գործընկերոջ՝ Արմեն Աշոտյանի հարցին, թե Վրաստանում օտարալեզու դպրոցների բացումը դիտվե՞լ է որպես մայրենի լեզվի նվաստացում, ինչպես Հայաստանում, վրացի նախարարը պատասխանեց։ «Ոչ, իհարկե նման բան չի եղել։ Վրաստանը ազատ երկիր է, եւ ամեն մեկն ինքն է ընտրում՝ ինչպիսի կրթություն ստանալ։ Եթե Վրաստանում կան 13 հայկական, ռուսական կամ ադրբեջանական դպրոցներ, ինչո՞ւ նրանց հետ հավասար չպետք է լինեն նաեւ ամերիկյան, ֆրանսիական կամ գերմանական դպրոցներ»,- ասաց Շաշկինը։




























