Վրաստանի Բաթումի քաղաքում երկու իսրայելցի բիզեսմենի են ձերբակալել, ովքեր 7 մլն դոլարի կաշառք էին առաջարկել Վրաստանի ֆինանսների փոխնախարար Խարաիձեին`ի վնաս Վրաստանի շահերի գործելու համար:
Երբ Իսրայելի քաղաքացիներ Ռոնի Ֆուքսն ու Զե Ֆրենկելը նման «անպարկեշտ» առաջարկ են արել ֆինանսների փոխնախարարին, վերջինս անմիջապես այդ մասին տեղեկացրել է երկրի գլխավոր դատախազությանը եւ գործարարներին ձերբակալել են: Նրանց եւս մեկ գործընկերոջ, արտասահմանում գտնվող Իվանիս Կարդասոպուլոսի նկատմամբ նույնպես օրենքով նախատեսված միջոցներ են ձեռնարկվում:
Վրաստանի դատախազության տվյալներով, իսրայելցի գործարարները 7 մլն դոլար կաշառք են առաջարկել, որպեսզի «Վրաստանի իշխանությունները չբողոքարկեն Լոնդոնի արբիտրաժային դատարանի որոշումը, ըստ որի, Վրաստանի վրա 100 մլն դոլար վճարելու պարտավորություն է դրված»:
Իսրայելի քաղաքացիներն ու Կարդասոպուլոսը Վրաստանում սկսել են աշխատել 1991-ին, ստեղծելով «Տրամեքս» ընկերությունը: Այս ընկերությանն է տրվել Վրաստանի տարածքում նավթի ու գազի արդյունահանման բացառիկ իրավունքը, սակայն 1996-ին այդ իրավունքը չեղյալ է համարվել: Դրանից հետո ընկերությունը դիմել է Լոնդոնի արբիտրաժային դատարան, պահանջելով իրենց վերադարձնել այդ իրավունքը: Դատարանը վճռել է, որ Վրաստանը պետք է «Տրամեքս»-ին վճարի 98 մլն դոլար:
Վերջերս Վրաստանի կառավարությունը հանձնարարել է երկրի ֆինանսների փոխնախարար Խարաիձեին բանակցություններ վարել «Տրամեքսի» հետ, գումարի վճարման մանրամասները քննարկելու համար: Հենց այդ բանակցությունների ժամանակ էլ գործարարները կաշառք են առաջարկել Խարաիձեին, որպեսզի Վրաստանը Լոնդոնի արբիտրաժային դատարանի վճիռը չբողոքարկի այլ ատյաններում:




























