ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է դադարեն հանդես գալ լղոզված հայտարարություններով ու անհստակ ձեւակերպումներով: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում հայտարարեց Հայաստանի ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, մեկնաբանելով համանախագահների հայտարարությունը ԵԱՀԿ դաշտային գնահատման առաքելությունից հետո:

«Հենց այդպիսի ընհանուր հայտարարությունների պատճառով է, որ Ադրբեջանը մեծացնում է իր ռազմական պոտենցիալը, հենց դրա պատճառով է, որ Իլհամ Ալիեւը գրեթե ամեն հայտարարության մեջ նշում է, որ պատրաստ է ԼՂ խնդիրը լուծել ուժով: Հենց այդ թաղտվությամբ է, որ սահմանին ադրբեջանցի դիպուկահարների կողմից հայ զինվորներ են զոհվում»,- ընդգծել է Զոհրաբյանը:

«Ադրբեջանը պարտավորվել է հետեւել երեք սկզբունքներին. ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքները: Այդ դեպքում ինչո՞ւ մենք անընդհատ լսում ենք, որ Ադրբեջանը պատրաստվում է խնդիրն ուժով լուծել, ինչո՞ւ են սպանում  մեր զինվորներին»,- ասել է նա: ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով, դեռ Չայլու գյուղի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո համանախագահները պետք է հստակ նշեին մեղավորին եւ համապատասխան միջոցներ ձեռք առնեին: «Որքան շատ նրանք լռեն, այնքան շատ զոհեր կլինեն»,- ասել է Զոհրաբյանը:

«Համանախագահները չեն ցանկանում վտանգի տակ դնել ամբողջ բանակցային գործընթացը, սակայն ժամանակն է հասկանալ, որ այսպիսի դիրքորոշմամբ իրենք հենց դա էլ անում են»,- ամփոփեց նա: