Ռուսական շոու-բիզնեսի աստղ Տաշա Սարգսյանին (Արտաշես Սարգսյան) թալանել են Մոսկվայի ուղիղ կենտրոնում: Երկու ճարպիկ տատիկներ, կեղծ ուշագնացություն սարքելով, հաջողացրել են «թռցնել» Տաշայի դրամապանակը:

Դրամապանակի բացակայությունը «Սառույց եւ կրակ» հեռուստաշոուի հեղինակը  նկատել է մի քանի րոպե անց, սակայն արդեն ուշ է եղել: Հայ հումորիստը ստիպված է եղել շատ արագ արգելափակել իր բանկային քարտերը, հաղորդում է Life Showbiz-ը:

«Ամեն ինչ տեղի ունեցավ Մոսկվայի հենց կենտըրոնում: Ես դուրս թռա մեքենայից բառացիորեն մի քանի րոպեով եւ հայտնվեցի այս հիմար վիճակում: Իմ մոտով անցնող տարեց կինը հենվեց ինձ ու սկսեց վայր ընկնել»,- պատմում է Սարգսյանը: Նրա խոսքով, ինքը հասցրել է բռնել տատիկին, որից հետո որոշել է նրան մի կողմ տանել ու շտապօգնության մեքենա կանչել: «Այդ պահին մեզ մոտեցավ երկրորդ տատիկը ու ասաց, որ ամեն ինչ նորմալ է եւ իրենք ամեն ինչ կկարգավորեն, պետք չի բժիշկ կանչել»,- հավելել է տուժածը: