Ուկրաինացի Վիտալի Կլիչկոն պաշտպանեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգի WBC վարկածի աշխարհի չեմպիոնի տիտղոսը` առավելության հասնելով ամերիկացի Շենոն Բրիգսի նկատմամբ:
Համբուրգի 16 հազարանոց О2 World Hamburg մարզապալատում, լեփլեցուն տրիբունաների պայմաններում կայացած մենամարտն ավարտվեց 39-ամյա ուկրաինացու վստահ հաղթանակով, թեեւ սպասված նոկաուտն այդպես էլ չեղավ:
Արդեն չորրորդ ռաունդից Բրիգսը վտանգ չէր ներկայացնում Կլիչկոյի համար: Տասներորդ ռաունդում Կլիչկոն ուներ նոկաուտի հնարավորություն, սակայն ամերիկացին կարողացավ մնալ ոտքերի վրա: 12 ռաունդների արդյունքում մրցավարները միայձայն որոշմամբ ազդարարեցին Կլիչկոյի հաղթանակը:
Վիտալի Կլիչկո (Ուկրաինա) –Շենոն Բրիգս (ԱՄՆ)` 120-107, 120-107, 120-105





























