Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Տուապսեի շրջանում ջրհեղեղի հետևանքով զոհվել են Հայաստանի երկու քաղաքացիներ` 1977 թվականին ծնված Արթուր Աբովյանը, ով բնակվում էր Գիզելդերե գյուղում, և Ջուբգեում բնակվող` 1937 թվականին ծնված Ալբերտ Բախշիևիչը:

Ինչպես հաղորդում է Կրասնոդարի «Ժիվայա Կուբան» երկրամասի համացանցային օրագիրը` հղում անելով շրջանի դատաբժշկական փորձաքննության վրա, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել  մահացածների 12մարմին, այլ ոչ`13, ինչպես ավելի վաղ էր հաղորդվել: Ներկայումս շարունակվում է զոհվածների մարմինների ինքնության ճշտումը:

Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում սկսվել են հորդառատ անձրևներ, որոնց հետևանքով բարձրացել է Պշենախա և Տուապսինսկայա լեռնային գետերի մակարդակը: Անցած մեկ օրում Տուապսեի շրջանում անձրևների տեղումները գերազանցել են ամսական նորման:

Աղետի գոտուց փրկարարները տարհանել են շուրջ 300 մարդու: Ինչպես հաղորդում է «Ժիվայա Կուբան», աղետից տուժած Տուապսեի շրջանի և Սոչիի մի մասի շուրջ չորս հազար մարդ մնացել են առանց էլեկտրոէներգիայի: Տուապեսի շրջանի աշխատակազմը հոկտեմբերի 18-ը հայտարարել է սգո օր: