Հոկտեմբերի 15-ին աննախադեպ եռուզեռ էր Կոտայք գյուղի ազգաբնակչության համար:

Կոտայք գյուղում օծվել է վերանորոգված Սբ. Հովհաննես եկեղեցին բարերարությամբ հայր եւ որդի Հարությունյանների: Այն կառուցվել է 1854թ-ին: Եկեղեցու օծումը կատարվել է Կոտայքի թեմի Առաջնորդ Տ. Առաքել եպիսկոպոս  Քարամյանի ձեռամբ:

Կոտայքի թեմի լրատվական բաժից NEWS.am-ին հայտնում են, որ Կոտայքի թեմի Առաջնորդ Առաքել եպս. Քարամյանը վերոհիշյալ եկեղեցու բարերարներ Ռուբիկ եւ Վարդան Հարությունյաններին ու ներկաներին է փոխանցել Գարեգին Բ Կաթողիկոսի  օրհնությունը:

Որոշվել է, որ ամեն տարի հոկտեմբերի 15-ը կնշվի որպես Սբ. Հովհաննես եկեղեցու ուխտի օր:

Տոնախմբությանը ներկա են եղել մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այդ օրը կազմակերպված գեղարվեստական միջոցառմանը զուգահեռ ներկաներին բաժանվել է մատաղ: