Հայաստանցիները տարեկան սպառում են 4 մլն լիտր գինի, 700 հազ. լիտր կոնյակ եւ 18,8 մլն լիտր օղի։ Ինչպես տեսնում ենք՝ ալկոհոլային խմիչքների շարքում հայերը միանշանակ առաջնություն են տալիս օղուն, այնինչ հայկական ավանդական խմիչքը համարվում է գինին, իսկ 1887 թ.-ից , երբ Թաիրովները Երեւանում կոնյակի արտադրություն սկսեցին՝ ավանդականների շարքում կարելի է ավելացնել նաեւ կոնյակը։ Երբ Տաթեւի ճոպանուղու բացման ժամանակ արտասահմանցի հյուրերին ազգային ուտեստներ էին մատուցում, ալկոհոլային միակ խմիչքը գինին էր, քանի որ օղին երբեք չի դասվել մեր ազգային խմիչքների դասին։ Մենք ունենք գինու տոն, որ այս տարի նշվեց հոկտեմբերի 17-ին Արենիում, սակայն չունենք օղու կամ գարեջրի տոն։

Օղու նկատմամբ սերը հայերի մոտ ամրապնդվել է վերջին տասնամյակներին՝ հիմնականում ռուսական միջավայրի ազդեցությամբ։ Ոմանք դա նաեւ կապում են 1980-ականների հակաալկոհոլային միջոցառման հետ, որի հետեւանքով ողջ ԽՍՀՄ տարածքում տեղի ունեցավ օգտագործվող ալկոհոլի կառուցվածքի էական փոփոխություն՝ ի վնաս գինու, եւ հօգուտ օղու (օղին կեղծելն ավելի հեշտ է): Ազգային կողմնորոշման այս փոփոխությունը, պարզվում է, էական տնտեսական հետեւանքներ է առաջացնում։ Խնդիրն այն է, որ Հայաստանում սպառվող օղու մոտ մեկ երրորդը ներմուծվում է դրսից, այնինչ սպառվող գինու եւ կոնյակի 90 տոկոսից ավելին արտադրվում է տեղում։ Հետեւաբար՝ որքան հայերը ավելի շատ գինի եւ կոնյակ խմեն օղու փոխարեն, այնքան ազգային տնտեսությունը դրանից կշահի։

Եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը՝ մեկ շնչի հաշվով հայաստանցիները տարեկան օգտագործում են 1,25 լիտր գինի, 220 գրամ կոնյակ եւ 5,8 լիտր օղի։ Նշենք, որ գինու մեծ արտադրություն ունեցող երկրներում ճիշտ հակառակ իրավիճակն է՝ ավելի շատ գինի է սպառվում, քան օղի։ Այդ երկրների թվում են Հունաստանը, Իտալիան, Ֆրանսիան, Իսպանիան եւ այլն։ Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանում տարեկան օգտագործում են 5,5 լիտր գինի, Սկանդինավյան երկրներում՝ 15 լիտր, Ֆիլիպիններում՝ 21,5 լիտր, Սինգապուրում՝ 23,5 լիտր։ Գինու շատ մեծ սպառում ունեցող երկրներն են Ֆրանսիան, Իտալիան եւ Պորտուգալիան, որտեղ 1 շնչի հաշվով սպառվում է 50 լիտրից ավելի։ Նույնիսկ մահմեդական Ինդոնեզիայում տարեկան սպառվում է 0,9 լիտր, որը շատ մոտ է Հայաստանի ցուցանիշին։

Այսպիսով՝ հենց միայն այն բանի հաշվին, որ հայերը օղու փոխարեն գինի նախընտրեն, մենք կարող ենք ունենալ տնտեսական ավելի բարձր աճ։ Բայց, իհարկե, չպետք է մոռանալ, որ գինին լավ է չափի մեջ։

Սամվել Ավագյան