Թբիլիսիում ձերբակալվել են «Քարթուլի ձալա» (Վրացական ուժ) ազգայնական կազմակերպության 11 ակտիվիստներ, որոնք անկարգություններ են սարքել Ահմաշենեբելի պողոտայի վրա գտնվող սրճարանում եւ խանութներում: «Գրուզիա  On-line»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Վրաստանի ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել ժամեր առաջ՝ ազգայնականների չարտոնված երթի ժամանակ:

Ակտիվիստները Հերոսների հրապարակից շարժվում էին մետրոյի Մարջանիշվիլի կայարանի ուղղությամբ: Երբ հասել են Ահմաշենեբելի պողոտա, սկսել են վիրավորել անցորդներին, առեւտրի օբյեկտների եւ սրճարանների վրա ծխանռնակներ են նետել, նաեւ վնասել են խանութների եւ ռեստորանների ցուցափեղկերը:

Տարածված տեղեկությունների համաձայն՝ ազգայնականների հարձակման օբյեկտ են դարձել թուրքերին պատկանող ռեստորանները: Նրանք այդ հաստատություններ են ներխուժել՝ «Փա՛ռք ազգին – մահ թշնամուն» բղավոցներով:

Քրեական գործ է հարուցվել «նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից խուլիգանության մեղադրանքով, որն իրականացվել է հրազենի կամ որպես զենք այլ առարկաների օգտագործմամբ»: