Հայաստանում ռուսական ռազմակայանի գործողության ժամկետի երկարացման հարցը վերաբերում է միայն Մոսկվային եւ Երեւանին: Այդ մասին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին:

«Մեզ, իհարկե, այդ հարցը հետաքրքրում է, եւ եւ կարծում եմ, որ այսօր տարբեր կողմերի հետ խորհրդակցելու անհրաժեշտություն կա, որ համոզենք հարեւաններին, թե այդ պայմանագիրը իրենց համար սպառնալիք չէ»,- նկատել է Սեմնեբին: Նրա խոսքով, հարկավոր է քննարկել Կովկասում ռազմական պոտենցիալի ավելի լայն համատեքստ:

«Չի զարմացնում, օրինակ, Հայաստանի այսօրվա անհանգստությունն Ադրբեջանում ռազմական լայնածավալ ծախսերի կապակցությամբ: Եթե կողմերը միջոցներ եւ հակամիջոցներ ձեռնարկեն, դա կարող է վերջնարդյունքում իջեցնել ուժի կիրառման շեմը, հակառակ դեպքում, այն վտանգավոր եւ ողբերգական կլինի»,- ասել է Սեմնեբին՝ ընդգծելով, որ չի կարելի թույլ տալ ղարաբաղյան հակամարտության ռազմական կարգավորման հնարավորություն:

Հատուկ ներկայացուցիչը միաժամանակ նշել է, որ ղարաբաղյան խնդրի ձգձգումը ողբերգական կլինի: «Այն արդեն բավական երկար շարունակվում է եւ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար, նրա հարեւանների համար, քանի որ այդ հակամարտությունը վակուումի մեջ չէ»,- ասել է Սեմնեբին: Նա նշել է, որ անհրաժեշտ է ամրապնդել հրադադարի պահպանման ռեժիմը Ղարաբաղի հետ շփման գծում, որտեղ վերջին ամիսներին մի շարք միջադեպեր են գրանցվել: