Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 18-ին մի շարք կանխատեսումներ է հնչեցրել Ազգային Ժողովում ընթացող բյուջետային քննարկումների ընթացքում։ Առաջին հերթին, ըստ վարչապետի, կգերակատարվի եկամուտների 2010 թ. պլանը։ «Այս պահին 40 մլրդ դրամի եկամուտների գերակատարում ունենք եկամուտների մասով։ Հարկային մուտքերը վկայում են այն մասին, որ ունենք ավելի բարձր տնտեսական աճ, քան կանխատեսում էինք։ Ամենայն հավանականությամբ՝ 2010 թ. բյուջեի հիմքում դրված ՀՆԱ աճի 1,2 տոկոս մակարդակը կգերազանցենք 2 անգամ»,- նշեց Տիգրան Սարգսյանը։

Վարչապետի այս հայտարարությունը վկայում է, որ կառավարությունում տարակարծություններ կան 2010 թ. տնտեսական աճի կանխատեսումների առումով։ Այսպես՝ վարչապետից անմիջապես հետո ելույթ ունեցած ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը տնտեսական աճը կանխատեսեց 3,4 տոկոս, այնինչ վարչապետի ներկայացրած թվաբանությունում տնտեսական աճը պետք է կազմի ընդամենը 2,4 տոկոս։ Այսինքն՝ ըստ ֆինանսների նախարարի՝ տնտեսական իրական աճը պետք է գերազանցի բյուջեի հիմքում դրված մակարդակը ոչ թե 2, այլ 3 անգամ։ Հիշեցնենք, որ ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի վերջին կանխատեսման՝ Հայաստանի տնտեսական աճը սպասվում է 4 տոկոսի սահմաններում, որը զգալիորեն զիջում է համաշխարհային զարգացման միտումներին (սպասվում է համաշխարհային տնտեսության միջինը 4,6 տոկոս աճ):