Instigate հայկական ՏՏ ընկերությունը անօդաչու սարքեր է ստեղծում Սինգապուրից ստացած պատվերներով: Այս մասին Երեւանում DigiTec Expo 2016 ցուցահանդեսին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Instigate Design ընկերության հիմնադիր Վահագն Պողոսյանը:
Անօդաչուները ոչ միայն նախագծվում են, այլ նաեւ հավաքվում են Հայաստանում, ընդ որում, պատվերները նրանց համար կատարում են միանգամից մի քանի տեղական ընկերություն:
«Մենք ստեղծել ենք կառավարման վահանակ: Կորպուսը պատրաստելուն օգնել է Promak ընկերությունը: Երեւանի կապի համակարգերի ինստիտուտի հետ միասին ստեղծվել է ցամաքային սնուցման աղբյուր: Finetech ընկերությունը ստեղծել է ավտոմատ վայրէջքի համակարգ: Մի խոսքով, եթե ամեն բան որոշեինք ինքնուրույն անել, չէր ստացվի: Իսկ այսպես մենք ինտեգրատոր ենք դարձել, որը միավորել է միանգամից մի քանի հայկական ընկերությունների տեխնոլոգիաներ»,- ասաց Պողոսյանը:
Սինգապուր ուղարկվել է արդեն փորձնական 2 նմուշ: Իսկ 2017-ին Instigate-ը Սինգապուրում գործընկեր ընկերության հետ ուզում է մասնակցել տեղական մրցույթին ծովային սահմանների պաշտպանության տախտակամածային անօդաչու սարքերի համար:
Սարքը պետք է տախտակամածից բարձրանա մինչեւ 100 մ բարձրության վրա եւ կարողանա զարգացնել մինչեւ 50 կմ/ժ արագություն: Դրա համար Instigate-ը մշակել է մաթեմատիկական մոդել, որը կվերահսկեր այդ արագությունը քամու հակազդեցության շտկումներով:
Պետք է հաշվարկել նաեւ կորպուսի կայունությունը: Այն կլինի տիտանից, որպեսզի դիմանա աղի եւ խոնավ կլիմային:
«Մի քանի փորձարկում մենք արդեն իրականացրել ենք տեղում, Սինգապուրում, բայց աշխատանքը դեռ ավարտված չէ»,- ասել է Պողոսյանը:





























