Հայ ազգային կոնգրեսի միտինգում արած հայտարարությունը, թե Հայաստանի իշխանությունները սերտ կապեր ունեն ԱՄՆ-ում ձերբակալված «Պզո» մականունով «օրենքով գող» Արմեն Ղազարյանի հետ, իրականության հետ որեւէ կապ չունի, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, առաջին անգամը չէ, որ ՀԱԿ-ն իր հանրահավաքներում ապատեղեկատվություն է տարածում, որոնք ակտիվորեն տարածում են նրա վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները: «Իրականում «Պզոն» «բարգավաճում» էր Հայաստանում 90-ականներից, երբ իշխանության ղեկին էր Հայոց համազգային շարժումը՝ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Իսկ երբ ՀՀՇ-ի եւ Տեր-Պետրոսյանի դիրքերը խարխլվեցին, «Պզոն» լքեց երկիրը եւ տեղափոխվեց ԱՄՆ: Այնպես որ իրականությունն այսպիսին է»,- պարզաբանեց Շարմազանովը:
Նշենք, որ ԱՄՆ-ում ձերբակալել է հանցավոր խմբավորում, որը մեղադրվում է բժշկական ապահովագրության ոլորտում մինչեւ 160 մլն դոլարի հասնող խոշոր մեքենայությունների մեջ: Հանցավոր խմբավորման առաջնորդը Արմեն Ղազարյանն է՝ «Պզո» մականունով: Ղազարյանին համարում են առաջին եվրասիական «օրենքով գողը» «Յապոնչիկից» հետո, ում ձերբակալել են ՌԻԿՈ օրենքի շրջանակներում, այն է՝ «Կազմակերպված հանցավոր գործունեություն ծավալելու մեջ»:
ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում հայտարարվել է, որ «Պզոն» սերտ առնչություններ է ունեցել Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ եւ անգամ մասնակցել է Քոչարյանի որդու` Լեւոնի եւ Սիրուշոյի հարսանիքին: Քոչարյանի գրասենյակը հերքել է այդ լուրերը:




























