Ռուսաստանից Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերտները 25 տոկոսով ավելացել են նախորդ տարվա համեմատ եւ էական ազդեցություն թողել Հայաստանի տնտեսական իրավիճակի վրա։ Այսօր` հոկտեմբերի 18-ին, այդ մասին խորհրդարանում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նրա խոսքով՝ 2010 թ. համաշխարհային տնտեսական իրավիճակը փոխվել է եւ բարենպաստ ազդեցություն թողել նաեւ Հայաստանի տնտեսական իրավիճակի վրա։ Մասնավորապես՝ բարձրացել են այն հումքատեսակների գները, որոնք Հայաստանի արտահանման կառուցվածքում էական նշանակություն ունեն (առաջին հերթին՝ դա պղինձն է եւ մոլիբդենը)։ Հաջորդ կարեւոր գործոնը Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի եւ Բրազիլիայի արագացված տնտեսական աճն է, որը բարենպաստ ֆոն է ստեղծում Հայաստանի համար։ Հատկապես Ռուսաստանի բարվոք տնտեսական միջավայրը, ըստ վարչապետի, դրական է անդրադառնում Հայաստանի վրա, քանի որ այդ երկրից  են ստացվում մասնավոր տրանսֆերտների մոտ 80 տոկոսը։

Հայաստանի տնտեսական իրավիճակի շտկմանը նպաստել է նաեւ կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը, որն արտահայտվել է համեմատաբար բարձր բյուջետային դեֆիցիտով։ Սակայն վարչապետը խոստացավ, որ բյուջեի դեֆիցիտը ծրագրվածից քիչ է լինելու, նաեւ արտաքին պարտքի տեսակարար կշիռն է ավելի պակաս լինելու, քան կանխատեսվում էր։ «Առաջիկա տարիներին բյուջեի դեֆիցիտը չի գերազանցի ՀՆԱ-ի 4 տոկոսը»,- հավաստիացրեց Տ. Սարգսյանը։