Ադրբեջանում Իլհամ Ալիեւի «Ենի Ազերբայջան» կուսակցությունը քաղաքական շոու է կազմակերպել՝ հրաժարվելով Հանրային հեռուստատեսության անվճար եթերից` երկրի խորհրդարանի ընտրությունների քարոզարշավի շրջանակներում:
Ըստ երկրում գործող դրակոնյան օրենքների, եթերը կարող է տրվել այն կուսակցություններին եւ դաշինքներին, որոնք թեկնածուներ են ներկայացրել 125 ընտրատարածքներից 60-ում Ինչպես եւ ակնկալվում էր, նման բան կարողացել է անել միայն կառավարող կուսակցությունը: Նա էլ յուրօրինակ ժեստ է արել՝ հրաժարվելով անվճար եթերից:
Կենտրոնական հանձնաժողովն էլ որոշում է կայացրել 4-ական րոպե հատկացնել թեկնածուներին կլոր սեղանների ընթացքում: Հաշվի առնելով այդ երկրում ձեւավորված միտումները, ակնհայտ է, որ թեկնածուների մեծ մասն այդ րոպեներն օգտագործելու է «համաժողովրդական առաջնորդ» Հեյդար Ալիեւին եւ նրա որդուն գովերգելու համար:
Խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում կայանալու են նոյեմբերի 7-ին: Սկսած 2005-ից ընտրություններն անցնում են միայն մեծամասնական ընտրակարգով:


























