Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Վրաստանի զենքի առաքումների վերաբերյալ քրգործով: Դրա շրջանակներում  ստուգվելու է «Ուկրօբորոնսերվիս» պետական ընկերությունը, որը 1,5 մլն դոլարի զենիթային հրթիռներ է գնել 2005 թվականին, բայց դրանք հանելուկային կերպով հայտնվել են Վրաստանում:

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը գնել է զենիթային կառավարվող 9М38М1 հրթիռներ, որոնք օգտագործվում են «Բուկ-Մ1» եւ «Բուկ-Մ1-2» համալիրներում: Զենքը գնվել է առեւտրային ընկերությունից, որը զենքի վաճառքի անհրաժեշտ արտոնագիր չի ունեցել:

Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Ռենատ Կուզմինի խոսքով, ընկերությունը ՊՆ-ի կարիքների համար գնել է 50 հրթիռ, սակայն դրանք հայտնվել են Վրաստանում, եւ կարող էին օգտագործվել 2008-ի օգոստոսյան պատերազմի ընթացքում:

«Ուկրօբորոնսերվիսում» եւ պաշտպանական գերատեսչությունում իրավիճակը դեռ չեն մեկնաբանում: