Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` հոկտեմբերի 18-ին ընդունել է Եվրախորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահի պաշտոնակատար Յան Միքալեֆի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են տեղական ինքնակառավարման ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր: Փոխվարչապետը, մասնավորապես, նշել է, որ առաջիկա տարիներին ուշադրության կենտրոնում են լինելու տեղական ինքնակառավարման համակարգի` առավել արդյունավետ մոդելի ընտրության եւ համայնքների ֆինանսական կարողությունների մեծացման խնդիրները, որոնք ենթադրելու են ՏԻ մարմինների պատասխանատվության ու հնարավորությունների ավելացում: Ներկայումս այդ ուղղությամբ, մշակվել է «Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգ»-ը, քննարկման փուլում է «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի նախագիծը:
Յան Միքալեֆն իր հերթին, նշել է, որ Հայաստանը կոնգրեսին կարող է դիտել որպես գործընկեր` հետագա բարեփոխումների կատարման գործում, եւ այդ հարցում Հայաստանի համար օգտակար կարող է լինել թե կոնգրեսի, թե անդամ երկրների փորձը: Պատվիրակության ղեկավարը տեղեկացրել է, որ բարեփոխումներ են իրականացվում նաեւ կոնգրեսում` գործունեությունը կենտրոնացնելով տեղական ժողովրդավարության եւ մարդու իրավունքների վրա: Դրանցով պայմանավորված` յուրաքանչյուր երկրի մասով 3 տարին մեկ կպատրաստվի տեղական ժողովրդավարության վերաբերյալ մոնիտորինգային զեկույց: Հայաստանի վերաբերյալ զեկույցը նախատեսվում է 2012թ-ին:
Անդրադարձ է եղել նաեւ 2009թ. Երեւանի ավագանու ընտրություններին. երկուստեք արձանագրվել է, որ այն էական քայլ էր տեղական ժողովրդավարության կայացման գործում:
Կողմերը կարեւորեցին կոնգրեսի հետ արդյունավետ համագործակցության շարունակականությունը, ինչպես նաեւ բարձր գնահատվեց կոնգրեսում Հայաստանի պատվիրակության աշխատանքը:
Նշենք, որ Եվրախորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը Հայաստանում է` մասնակցելու հոկտեմբերի 19-21-ին Երեւանում անցկացվելիք «Ժողովրդավարությունը Եվրոպայում. սկզբունքներ եւ նպատակներ» համաժողովին:





























