Սեւանում մթնոլորտը ընտրությունների ավարտից առաջ լարվել էր: Որոշ ընտրատեղամասերի մոտ մեծ թվով կուտակումներ կային, մասնավորապես, «Գարաժ» կոչվող թաղամասում գտնվող 23/1 ընտրատեղամասում հավաքվել էին մեծ թվով տղամարդիկ, որոնք չունեին վկայականներ, սակայն ընտրատեղամասի նախագահ Սամվել Ենոքյանը նրանց դուրս չհրավիրեց: Վերջինը հայտարարեց, որ մուտքի մոտ հավաքված մարդկանց տարածքից հեռացնելու ւ գործառույթ չունի:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ թեկնածուներ Սարգիս Մուրադյանի եւ Ռուդիկ Ղուկասյանի կողմնակիցները հավաքվել են դատարանի հարակից տարածքում, սակայն խմբերին նկատելով՝ ոստիկանները ցրել են:

Մեր թղթակիցը նկատել է քաղաքապետարանի հետեւի այգում Ղուկասյանին եւ Սեւանի փոխոստիկանապետ Լյովա Առաքելյանին, որոնք գոռգոռալով ինչ-որ բան են քննարկել: Մեր թղթակիցը փորձել է պարզել՝ ինչ էին քննարկում եւ արդյոք ճիշտ է քաղաքապետի ահազանգը, որ Սեւանի ոստիկաններն են անձամբ ընտրակաշառք բաժանել, Առաքելյանն ասել է, որ դա կեղծ տեղեկություն է:  Ի դեպ, Սեւանոմ կարմիր բերետավորներ եւ ոստիկանական մեքենաներ են շրջում: