Գերմանիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Իրանի կառավարությանը բարեփոխումներ իրականացնելու հարցում։ Այս մասին Թեհրան կատարած այցի ժամանակ ասել է Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելը, փոխանցում է Reuters—ը։

«Մեր նպատակն է աջակցել ներկայիս կառավարությանը աշխարհին բացվելու ճանապարհին»,– ասել է Գաբրիելը։

Նախարարի խոսքով՝ Իրանը հուսալի գործընկեր է, եւ Գերմանիան պատրաստ է ավելի սերտ առեւտրային կապեր հաստատել։ Գաբրիելը նաեւ նշել է, որ այցի ընթացքում կքննարկի Իրանի դերը Սիրիայի հակամարտության լուծման գործում, իսրայելական հարցը եւ այլ իրավական խնդիրներ։

Նշենք, որ Գերմանիայի փոխկանցլերը երկօրյա այցով մեկնել է Իրան երկու երկրների միջեւ առեւտրային հարաբերություններ հաստատելու համար։