Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նոր եզերքներ է բացում համաշխարհային խորհրդարանական պատմության մեջ: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այսպես բնորոշեց  Գալուստ Սահակյանի հիմնավորումը, թե պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախագծերն ինքը շրջանառության մեջ չի դնում, որովհետեւ դրանք զրպարտանք են պարունակում:

«Չլսված բան է, որ պատգամավորի օրենսդրական նախագծերը Ազգային ժողովի նախագահը հրաժարվի շրջանառության մեջ դնել՝ ասելով, թե դա զրպարտանք է: Դուք ոչ Սահմանադրական, ոչ էլ առաջին ատյանի դատարանի դատավոր եք: Կան ընթացակարգեր, ինչպես պետք է խորհրդարանը դիրքորոշում հայտնի: Ուզում եմ արձանագրել, որ Ձեր գործողությունները՝ կապված Փոստանջյանի նախագծերի հետ, ուղղակի անառարկելիորեն հակաօրինական են»,- ասաց Փաշինյանը:

Գալուստ Սահակյանն արձագանքեց ռեպլիկով. «Բոլորդ Սահմանադրությունը շատ լավ զգում եք, բոլոր օրենքները զգում եք բացի ինձանից: Ես լրիվ հակառակը կասեմ՝ միայն ես եմ զգում: Դուք պիտի կարողանաք կարգին ձեւով ենթարկվել»: