Տեղական ինքնակառվարման մարմինների ընտրությունների արդյունքները պետք է վերլուծվեն ու դրանից պետք է հետեւություններ արվեն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դեռ վաղ է գնահատական տալ ընտրություններին:

«Ինձ ընդհանրապես զարմացրեց, որ ՀՀԿ-ն այս ընտրություններում Գյումրիում, Վանաձորում եւ Կապանում կարող էր հաղթել: Պետք է հետեւություններ արվեն: Սա նշանակում է՝ ընդդիմադիր գործունեության ավանդական պատկերացումները պետք է վերանայվեն»,- ասաց Փաշինհանը:

Նա նշեց, որ ընտրությունների արդյունքները ճնշող մեծամասնությամբ ձեւավորվել են հետեւյալ կերպ՝ ընտրողը եկել է, քվեարկել է, քվեաթերթիկը գցել է քվեախցի մեջ: Համենայնդեպս, այդ պահի դրությամբ լցոնումների եւ այլնի մասին պաշտոնական տեղեկություններ չկան. «Ինձ ով ասում է ընտրակաշառքի մասին, ասում եմ՝ խնդրում եմ բերեք մի հոգի, որը կկանգնի տեսախցիկների առաջ ու կասի, որովհետեւ եթե ես պետք է կանգնեմ տեսախցիկների առաջ ու անեմ հայտարարություն՝ չունենալով գոնե մեկ հոգու հավաստիացում, էդ ժանրի խոսակցությունն ինձ համար ընդունելի չէ»:

Պատգամավորն ասաց, որ իր ամենակարեւոր հետեւությունն այս ընտրություններից այն է, որ ՀՀ-ում անշահախնդիր քաղաքականությամբ հետաքրքրված մարդկանց տոկոսը չափազանց քիչ է: Այսինքն՝ եթե մարդը քաղաքականությամբ հետաքրքրված է, ուրեմն ինքը շատ կոնկրետ խնդիր ունի լուծելու, ակնկալում է, որ իր աշխատանքի, ուսման վարձի, իր բիզնեսին տանիք լինելու հարցը կլուծվի: Այս տարիների ընթացքում սա, ըստ Փաշինյանի, դարձել է հստակ քաղաքական իրողություն:

Այսօր բոլոր արատավոր երեւույթների թիվ մեկ պատասխանատուն, ըստ նրա, իշխանությունն է, բայց այս արձանագրումը բավարար չէ փոփոխությունների հասնելու համար:

«Դրա համար մենք պետք է անդրադառնանք նաեւ մեր գործունեությանը, ընդդիմադիր գործունեությանը, եւ ես վերջին երեք տարիներին զբաղված եմ դրանով: Մինչեւ մենք ինքնաքննադատաբար չմոտենանք ինքներս մեզ, չհասկանանք մեր ասելիքի ու հանրության արձագանքի ներքին կապերը, տրամաբանությունը, մինչեւ մարդկանց՝ որոշումներ կայացնելու պրոցեսը չպատկերացնենք, որեւէ բանի չենք հասնի»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ հավելեց՝ մի բան ակնհայտ է՝ այս ընտրություններում հաջողություն ունեցան այն քաղաքական ուժերը, ովքեր կարողացան ընտրողի հետ պայմանավորվել ուղղակի անձնապես, ոչ թե քարոզչության միջոցով: «Ասենք՝ ասել են՝ այսինչ այսինչյան, դուք ձեր ընտանիքով կգաք քվեարկելու մեր օգտին, կարողացավ տեղափոխել մինչեւ ընտրատեղամաս, հաղթեցին: Հիմա, ՀՀԿ-ն ունի փող, ունի տրանսպորտ եւ վարչական ռեսուրսներ: Այն շփումները, որ ես ունեցել եմ Գյումրիում ու Վանաձորում, ինձ ստիպում են մտածել, որ մարդիկ ծայրահեղորեն ու կենսականորեն փոփոխությունների անհրաժեշտություն ունեն, բայց այն արդյունքները, որոնք արձանագրվել են ընտրական տեղամասերում, ինձ մոտ հարց են առաջացնում՝ արդյուք մարդիկ ուզո՞ւմ են ընդհանրապես փոփոխություններ: Կամ էլ մեր մեջ է պրոբլեմը»,- ասաց նա:

Նշենք, որ եւ Գյումրիում, եւ Վանաձորում «Քաղաքացիական պայմանագիրը» անցողիկ շեմը չի հաղթահարել: