Սիսիանի 37/1 ընտրատեղամասում հոկտեմբերի 2-ին կայացած քաղաքապետի ընտրությանը հանձնաժողովի նախագահը հրաժարվել է գրանցել քվեաթերթիկը լուսանկարելու դեպքը, ինչը վեճի առիթ է դարձել։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության  վստահված անձ Գեւորգ Գորգիսյանը նկատել է, որ ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը, զգուշացրել է հանձնաժողովի նախագահ Բենիամին Հակոբջանյանին, որը, սակայն, հրաժարվել է արձանագրել դեպքը՝ պնդելով, թե նման բան չի տեսել։ Վիճաբանություն է սկսվել, միջամտել են նաեւ ոստիկաններ, որոնք տարածքից հեռացրել են քվեարկողին։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության վստահված անձինք դրանից հետո հայտարարել են, որ իրենք հարցում են արել, այդ մարդը ոստիկանություն չի տարվել, ինչը կրկնակի վիճաբանության առիթ է դարձել։

«Դուք լավ տեսել եք բանը,  դուք եք մնալու դրա տակ, եղբայր»,- վստահված անձ Անահիտ Բախշյանը դիմել է Բենիամին Հակոբջանյանին, որը պնդում էր, թե չի տեսել ոչ քվեաթերթիկը նկարահանելու, ոչ էլ ընտրողին ձերբակալելու պահերը։

Ըստ Անահիտ Բախշյանի՝ պետք է նման դեպքերը արձանագրվեն, ինչ-որ մեկը քրեական պատասխանատվության ենթարկվի, որ հետագայում կանխվեն կրկնությունները։

«Մեր վստահված անձը բացահայտել է, որ ընտրողը նկարահանել է իր քվեաթերթիկը։ Անուն ազգանունը չեն ֆիքսել, տվել են ոստիկանների ձեռը, տարել են։ Է, տարել են, բաց են թողել։ Մուկուչյանի հայտարարության համաձայն այդ արարքը քրեորեն պատժելի է։ Հանձնաժողովի նախագահն էլ ասում է՝ քրեորեն պատժելի արարք է, ոնց արձանագրեմ։ Բա պիտի արձնագրվի, մեկը պատժվի, որ մյուսին խրատ լինի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Անահիտ Բախշյանը։

Վեճից հետո ընտրատեղամաս է այցելել նաեւ թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, ապա վստահված անձն ինքն է գրանցամատյանում նկարագրել տեղի ունեցածը։

Նշենք, որ հանձնաժողովի նախագահը մինչեւ ընտրությունները քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Աղասի Հակոբջաանյանի եղբայրն է՝ Բենիամին Հակոբջանյանը:  Սիսիանում նա մրցում էր Սիսիանի նախկին քաղաքապետ Լավրենտի Սարգսյանի որդու՝ Արթուր Սարգսյանի եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Սրբուհի Գրիգորյանի հետ։ Քվեարկության արդյունքում քաղաքապետ է ընտրվել Արթուր Սարգսյանը։