«Քաղաքացիական պայմանագիրը» փաստացի մասնակցել է 6 ընտրությունների, որից միայն մեկում է հաղթանակ տարել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նշանակվել է կուսակցության արտահերթ համաժողով, որտեղ նոր վարչություն է ընտրվելու. մի մասը կարող են վերընտրվել:
«Ինչ վերաբերում է պատճառներին, կա վիճակագրություն, որ մենք փաստացի մասնակցել ենք 6 ընտրությունների, որից միայն մեկում ենք հաղթանակ տարել: Վարչությունը որոշեց, որ ունի պատասխանատվության իր բաժինը: Արտահերթ համաժողովի որոշումը կայացվել է միաձայն:
Պարտության պատճառները կվերլուծենք համաժողովի նախապատրաստական փուլում, վարչության անդամության թեկնածուների նախընտրական արշավի ընթացքում: Այսօրվանից ամենօրյա ռեժիմով սկսելու ենք այդ քննարկումները ՔՊ-ի գրասենյակում»,-ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ կուսակցությունից դուրս գալու ցանկություն ունեցողներ չեն եղել:
«Մեզ համար այս որոշումն արտառոց չպիտի լինի, որովհետեւ վարչության անդամ առաջադրվելիս ասել են, որ պատրաստ են ստանձնել պատասխանատվություն: Եթե այդ 6 ընտրություններից, ասենք 4-ում հաղթեինք, նման հարց չէր առաջանա: Եթե չենք հաղթել, նաեւ այս ընթացքում այլ ճանապարհով իշխանափոխություն չենք արել, նշանակում է՝ պետք է որոշակի վերանայումներ անենք մեր գործողությունների: Պարզենք, թե ինչը պետք է վերանայենք»,-ասաց նա:
Նշենք, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը՝ հաշվի առնելով հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները՝ հրաժարական է տվել:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ձախողվել էր Գյումրիի եւ Վանաձորի ավագանու ընտրություններում։ Գյումրիում կուսակցությունն ստացել է 1,5 տոկոս քվե, իսկ Վանաձորում՝ մոտ 4 տոկոս՝ չհաղթահարելով ավագանիում հայտնվելու վեց տոկոսանոց արգելքը։











