Curiosity մարսագնան Մարսի վրա հետազոտությունների նոր փուլ է սկսել։ Երկու տարով երկարացված առաքելության շրջանակում, մարսագնան պետք է մոտ 2․5 կմ հաղթահարելով հասնի լեռնաշղթային, որը ծածկված է հանքային հեմատիտով, հայտնում է Informing-ը։

Դրանից հետո նա կհավաքի կավով հարուստ ապարների նմուշներ։

Առաքելությունն իրականացվելու է Շարփ սարի ստորոտին, որտեղ մարսագնան մինչ այդ էլ է հետազոտություն իրականացրել։

Այս տեղանքը գիտնականների համար գրավիչ է, քանի որ կտրուկ տարբերվում է Մարսի մնացած՝ բավականին չոր մակերեսից։

Վերջին յոթ օրերին գիտնականները մարսագնայից հարյուրավոր լուսանկարներ են ստացել, այդ թվում Curiosity–ի «սելֆին» Կարմիր մոլորակի լանդշաֆտի ֆոնին։

Հիշեցնենք, որ Curiosity-ն Մարսի վրա իր աշխատանքը սկսել է 2012-ի օգոստոսին։ Այն ամենամեծ ու ծանր մարսագնան է, որը երբեւէ ստեղծվել է մարդու կողմից՝ դրա քաշը 899 կգ է, երկարությունն ու լայնությունը հավասար են 3 ու 2․8 մետրի համապատասխանաբար։