ՏԻՄ ընտրությունները որակապես տարբերվել են նախորդներից՝ իրենց քաղաքակացված լինելով, մրցակցության բարձր աստիճանով, ինչը դրական է գնահատվում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Կարծես թե ճնշումների ու մեծ թվով ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր  չկային, դա էլ հուսադրող է»,- ասաց Վարդանյանը:

Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրությունների արդյունքներին, Աղվան Վարդանյանը նշեց, որ ՀՅԴ-ն չի ունեցել որեւէ համայնքապետ, որը գործող էր եւ չի վերընտրվել. «2-3 դեպք կա, որը վերաբերում է միավորված համայնքներին, օրինակ Շիրակի մարզում, որտեղ 10-11 համայնք միացել են, այնտեղ մի փոքր համայնքում ՀՅԴ-ն ունեցել է համայնքապետ, ով չի վերընտրվել: Եղել են համայնքներ, որտեղ ՀՅԴ պաշտպանած թեկնածուները հաղթել են 17-20 տարվա գյուղապետերին, Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում եւ Կոտայքի մարզի Զովունի գյուղում»:

Աղվան Վարդանյանի խոսքով, ՀՅԴ-ն բավարարված չէ Վանաձորում եւ Գյումրիում ՀՅԴ-ի արդյունքներով: Եթե Վանաձորում ՀՅԴ-ն կարողացավ հաղթահարել  6 տոկոսի շեմը, որն, ըստ Վարդանյանի, դարձյալ ցածր արդյունք է, ապա Գյումրիում ՀՅԴ-ն նույնիսկ այդ շեմը չհաղթահարեց:

Հարցին, թե ինչ արդյունքներ էին ակնկալում, Աղվան Վարդանյանը նշեց, որ Գյումրիում ՀՅԴ թիմը բավական ակտիվ է աշխատել, թեկնածուների ցանկը եղել է բավական ներկայանալի: Այսպես՝ առաջին համարը գլխավոր բժիշկ Աշոտ Կուրղինյանն էր, ով իր տեսակով ու մտածողությամբ շատ ակտիվ թեկնածու էր, երկրորդ համարը Գյումրիում հայտնի ակադեմիկոս Սերգեյ Նազարեթյանն էր, որին ճանաչում են իբրեւ լուրջ գիտնական եւ հեղինակություն ունեցող մարդ: Եվ երրորդ համարը Արաքսյա Մարգարյանն էր, ով արվեստաբան է դասախոս, գիտությունների թեկնածու, այսինքն ՀՅԴ-ն փորձել է ներկայանալ նոր դեմքերով եւ որոշակիորեն տարբերվող թեկնածուներով, նկատի ունենալով Գյումրու որոշակի պառակտվածությունը՝ տարբեր խմբերի ու թաղային հեղինակությունների միջեւ:

«Ցավոք այս մեխանիզմը կարծես թե չաշխատեց, ես վստահ էի, որ Գյումրիում մենք նվազագույնը 10 տոկոս ձայն կհավաքենք, բայց եկեք այստեղ էլ անկեղծ լինենք մինչեւ վերջ: Եթե մենք նայում ենք ՏԻՄ ընտրությունները եւ առաջին անգամ անցկացվող համամասնական կուսակցական ցուցակներով ընտրությունները, տեսնում ենք թե ինչ խառնուրդ է առաջանում՝ դեռ մինչեւ վերջ քաղաքականացված չէ, եւ դեռ էական նշանակություն ու ազդեցություն ունեն  տեղական թաղային հեղինակությունների, տարբեր խմբավորումների շահերը, քվեարկություններն էլ դրանցով են առաջնորդվում: Այստեղ մենք մտածելու վերլուծելու լուրջ խնդիր ունենք: Ես արդեն հանձնարարել եմ մեր տեղական կառույցների պատասխանատուներին, որ ամբողջական վերլուծություն ներկայացնեն թե Վանաձորի, թե Գյումրիի համար, համաչափ են արդյոք բաշխվել մեր ձայները, թե կան տարբերություններ: Լուրջ հետեւություններ պետք է անենք»,- ասաց Աղվան Վարդանյանը: