Գյումրիում եւ Վանաձորում ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին եւ ՕԵԿ-ին ձայն տված քաղաքացիներն իրենց ընտրությունով արձանագրեցին ուղիղ իրենց համահեղինակությունը 2008թ.-ից հետո Հայաստանում տեղի ունեցած արատավոր երեւույթներին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Ազգային ժողովում ասաց ընդդիմադիր պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:
«Այս չորս կուսակցություններն եմ նշում, քանի որ 2008թ.-ից հետո տարբեր ժամանակներում իրենք եղել են իշխանության հետ կոալիցիայի մեջ: Գյումրիում այս կուսակցությունները ստացել են ձայների 72 տոկոսը, Վանաձորում՝ 65 տոկոսը: Հետեւաբար, այս ընտրությամբ քաղաքացիներն արձանագրեցին իրենց համահեղինակությունը 2008թ.-ից հետո Հայաստանում տեղի ունեցած արատավոր երեւույթներին, սա փաստ է, որը հնարավոր չի հերքել»,- ասաց Փաշինյանը:
Ըստ ՀԱԿ խմբակցության պատգամավորի՝ Հայաստանում քաղաքական հիմնական գործոնը փողն է. ընդհանրապես հաջողության են հասնում այն քաղաքական ուժերը, որոնք գումար են ծախսում թե ընտրությունների ժամանակ, թե դրանից հետո:
«Երկար ժամանակ մտածում եմ, որ այն քաղաքացին, որն ինձ փողոցում տեսնում եւ ասում է՝ այ Փաշինյան ջան, որ Շարմազանովին տեսնեմ, փրթիկ-փրթիկ կանեմ, չես պատկերացնում՝ ոնց եմ ես դրանից զզվում, նույն բանն էլ այդ քաղաքացին Շարմազանովին է ասում: Պատռճառը գիտե՞ք որն է. մարդկանց 95 տոկոսը շահագրգռվածություն ունի ինչ-որ տեսակ, ասում է՝ մի քյար լինի էլի: Հայաստանում քաղաքականության մեջ գաղափարական մարդ չկա, մարդը մտածում է՝ իր եղբորը կարող ես բանտից հանել, թե չէ, իրեն ակնոց կտաս, թե չէ ու տարբեր բաների մասին: Այնպես որ հիմնական քաղաքական գործոնը փողն է»- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ընդդիմադիր պատգամավորի ելույթին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հորդորելով խոսել խորհրդարանական բառապաշարով, իսկ զզվում են միայն թույլերը:
Նշենք, որ եւ Գյումրիում, եւ Վանաձորում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների մեկ տոկոսը եւ չի հաղթահարել անցողիկ շեմը:











