Երկրից 1480 լուսային տարվա հեռավորությամբ՝ Կարապի համաստեղությունում KIC 8462852 աստղի հարեւանությամբ խոշոր այլմոլորակային կայանի գոյության մասին առաջ քաշված վարկածը չի համապատասխանում իրականությանը: Նման եզրահանգման են եկել Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից եւ Էստոնիայից գիտնականները՝ տեղեկությունն ուսումնասիրելով Զոննենբերգի աստղադիտարանում:
Ըստ Discover24-ի՝ ուսումնասիրության նյութերը փաստում են, որ աստղի լուսավորման ինտենսիվությունը չի փոխվել դրան հետեւելու ամբողջ ընթացքում՝ 1934 թվականից ի վեր:
Աստղագետների եզրահանգումը կասկածի տակ է դնում «Քեփլեր» աստղադիտակի օգնությամբ ստացված տվյալները կամ դրանց մեկնաբանությունը, որի համաձայն՝ աստղի լույսը պարբերաբար 22%-ով թուլացել է:
Աստղի այս պարբերական խամրումը բազմաթիվ ենթադրություններ էր ծնել, որոնցից մեկի համաձայն՝ աստղի շուրջը բնական կամ արհեստականորեն ստեղծված գոտի կա: Այն կարող էր լինել ինչպես խիտ ամպ, այնպես էլ հսկայական տիեզերակայան:





























