Վանաձորում Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանը որպես եկեղեցական ներում է նախորդ օրը իրեն ծեծի ենթարկողներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ասաց նա՝ նշելով, որ ավագանու թեկնածու Արկադի Փելեշյանը իրեն ուժգին ծեծի է ենթարկել:
«Երբ մտա ներս, երկու աթոռ հարմարացրի, որ երկուսով նստենք, մեկ էլ երրորդ անձնավորությունը՝ բոյով, թափով մի տղա մտավ, դուռը ծածկեց եւ Արկադին միանգամից սկսեց սեռական հայհոյանքներ տալ եւ գլխիս խփել այնքան ուժգին, որ առաջին հարվածից շոկի մեջ էի: Ես իրան զգուշացրի, որ դժավարություն ունեմ առողջական, եթե ինձ մի բան լինի, ձեզ համար վատ կլինի, բայց ինքը չէր լսում, ընդունակ չէր լսելու: Հայհոյում էր, սպառնում էր, հարվածում, ասում՝ եթե ոստիկանություն ես դիմել, վիզդ կկտրեմ»,- պատմեց նա՝ նշելով, որ Փելեշյանը հարբած է եղել, եւ 10 րոպե շարունակ հարվածել է իր գլխին:
Ռաֆիկ Գրիգորյանը պատմեց, որ այդ ձայները լսել են ընտանիքի անդամները, որոնք օգնություն են կանչել:
«Աղջիկս զանգեկ էր իր ամուսնուն, ասել՝ շուտ արա, հասի, պապային ծեծում: Ամուսինն էլ պրոֆեսիոնալ սպորտսմեն էր, մտավ, էդ բոլորին, որ փակել էին միջանցքը հրեց, դուրս շպրտեց»,- պատմեց նա:
Ռաֆիկ Գրիգորյանը պատմեց, որ իր եղբոր միջոցով է ծանոթացել Արկադի Փելեշյանի հետ, իրեն առաջարկել են, որ ընտանիքը ընտրի Փելեշյանին: Կարծում է՝ իրեն ծեծելու պատճառն այն է, որ իր ձայնը չի տվել Փելեշյանին, ինչի մասին տարբեր վայրերում բարձրաձայնել է: Նա կարծում է նաեւ, որ պատճառներից մեկն էլ այն է, որ ինքը ընտրություններից առաջ թույլ չի տվել «Հայկական վերածնունդի» օրացույցերը բաժանեն եկեղեցում հավատացյալներին:
Ռաֆիկ Գրիգորյանն արդեն ցուցմունք է տվել:
Ավելի վաղ մամուլում հրապարակում էր եղել, որ նոխօրեին «Հայկական Վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը՝ Ական, դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին:
Արկադի Փելեշյանը, NEWS.am-ի տեղեկություններով, հայտաբերվել եւ բերման է ենթարկվել Երեւանում: Նա եկել էր Երեւան «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավարության հետ հանդիպելու նպատակով:
Արկադի Փելեշյանի զավակները ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եղբոր՝ Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի պետ Էրիկ Շարմազանովի սանիկներն են:
Այս դեպքի առնչությամբ, ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում ստացել է Հայ Ավետարանական եկեղեցու հովիվի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի մասին: Կատարվում է քննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:











