Հոկտեմբերի 19-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Սերբիայի ԱԳ նախարար Վուկ Յերեմիչին, ով Հայաստանում է գտնվում Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարության ապագայի համար» ֆորումին մասնակցելու նպատակով:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Է. Նալբանդյանը նշել է, որ Սերբիայի նախագահ Բորիս Թադիչի` անցյալ տարի Հայաստան կատարած այցելությունը, դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կարեւոր քայլ էին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, իսկ նախարարների մակարդակով պարբերական հանդիպումները հնարավորություն են ընձեռում հետեւելու նախագահական մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, մտքեր փոխանակելու տարբեր հարցերի շուրջ:

Նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Վուկ Յերեմիչը կարեւորել են երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական եւ հումանիտար բնագավառներում համագործակցության ընդլայնման նպատակով իրականացվելիք քայլերը:

Սերբիայի ԱԳ նախարարը ներկայացրել է Կոսովոյի հիմնախնդրին առնչվող զարգացումները:

Անդրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, նախարար Նալբանդյանը նշել է, որ միջազգային հանրությունը` ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքեր է գործադրում հակամարտությունը լուծելու ուղղությամբ, սակայն միջնորդների առաջարկությունները մերժող ադրբեջանական դիրքորոշման պատճառով չի հաջողվում լուրջ առաջընթաց արձանագրել բանակցություններում:   

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն առնչվող հարցերի, առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ: